Առերևույթ խարդախությամբ զինվորական ճտքավոր կոշիկների հափշտակման գործի կարճման վերաբերյալ բողոքը բավարարվեց։
ՀՀ բանակին զինվորական կոշիկներ մատակարարող մեր գործընկեր կազմակերպության տնօրենը խնդրել էր ապահովել իրավաբանական օգնություն՝ ընկերության արտադրամասի աշխատակցի կողմից ենթադրյալ գողություն կատարելու և խարդախությամբ գույք հափշտակելու դեպքերի վերաբերյալ։ Ընկերության տնօրենի պնդմամբ, 2021թ․ ընկերության արտադրամասի աշխատակիցը փորձել էր ընկերության տարածքից դուրս հանել նախապես արդեն գողացված ապրանքներ։
Գողության նշված դեպքից մոտ մեկ ամիս առաջ նույն աշխատակիցը, չարաշահելով ընկերության տնօրենի վստահությունը, հայտնել էր նրան, թե իբր իր մարտական ընկերներն այդ պահին հերթապահություն են իրականացնում ՀՀ Սյունիքի մարզում և չունեն զինվորական կոշիկներ։ Այդ պատրվակով նա ընկերության տնօրենին խնդրել էր տրամադրել 20 զույգ ճտքավոր կոշիկ՝ 265,500 դրամ ընդհանուր արժեքով, որոնք տարել էր անհայտ ուղղությամբ։
Փաստերի առթիվ վարույթ իրականացնող մարմնի ոչ ամբողջական գործողությունների արդյունքում առերևույթ խարդախության մասով վարույթը կարճվել էր։
«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Գ․ Գրիգորյանի կողմից վերադասության կարգով ներկայացված բողոքը դատախազի կողմից ևս մերժվել էր՝ անտեսելով ներկայացված հանգամանքներն ու ապացույցները։
Ի վերջո, շուրջ երկու տարի տևած դատական պրոցեսի արդյունքում փաստաբանի կողմից Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան ներկայացված բողոքը բավարարվեց։ Դատարանը որոշեց արձանագրել վերոնշյալ ընկերության իրավունքների և ազատությունների խախտումը և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել դրանք։
Գործի հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք հընթացս։