«Կենտրոն» համատիրության ևս մեկ հայց ընդդեմ ՀՀ քաղաքացու մերժվեց ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանի հմուտ աշխատանքի շնորհիվ:Մեր վստահորդն այլևս պարտավոր չէ վճարել 779 հազար 520 դրամ գումարը:
Երևան քաղաքի «Կենտրոն» համատիրությունը հայց էր ներկայացրել ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ քաղաքացուց, որպես պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումար, 779,520 դրամ բռնագանձելու վերաբերյալ:
«Հայց» ընկերության փաստաբան Տիգրան Գրիգորյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում դատարանին ներկայացվեցին հիմնավոր առարկություններ՝ առ այն, որ 2009-2016թթ ընթացքում վերոնշյալ ծախսերի կատարման որևէ հստակ հիմք համատիրությունը չի ներկայացրել. ներկայացված չեն կատարված աշխատանքների ծավալը, դրանց կատարման ժամանակացույցը, հիմնավորված չէ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման փաստը:
Դատաքննության ավարտին չսպասելով՝ 2016թ նոյեմբերին ՀՀ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրությունը հրաժարվեց պարտադիր նորմերի իրականացմանն ուղղված գումարի բռնագանձման վերաբերյալ մեր վստահորդին ներկայացրած իր պահանջից: Վերոգրյալի հիման վրա` դատարանն արձանագրեց, որ հայցվորը պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջից և իրավունքի պաշտպանության դատավարական միջոցից անվերապահորեն, առանց որևէ պայմանի հրաժարվել է, և այդ պարագայում սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանը բավարարեց նաև պատասխանողի փաստաբանի ծախսը փոխհատուցելու վերաբերյալ միջնորդությունը: Արդյունքում, բացի այն, որ Երևան համայնքի բյուջեն տուժեց 779 հազար 520 դրամով, այդ բյուջեից նաև պետք է վճարվի փաստաբանի ծառայությունների վճարը, ինչպես նաև՝ պետական տուրքի գումարը:
Հ.Գ. Նման նյութերը լուսաբանելիս՝ մեր ընկերությունը նպատակ է հետապնդում բարձրացնել ՀՀ քաղաքացիների տեղեկացվածության աստիճանը և նրանց իրավագիտակցությունը: Տեր կանգնելով ձեր իրավունքներին՝ դուք կարող եք պարտադրել պետական բոլոր կառույցներին՝ աշխատել առավել արդյունավետ, նպատակային օգտագործել քաղաքացու գրպանից իրենց բյուջեն մտնող ամեն դրամը: