Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Աբովյան 4 հասցեում գտնվող շենքը չի քանդվի

Աբովյան 4
Պատմական ակնարկ․ Աբովյան 4 և Արամի 30 (բն․4 և 22) հասցեում գտնվող գողտրիկ շենքը Երևանի պատմական միջուկում 19-20 դդ սահմանագծի ճարտարապետության կանգուն մնացած եզակի կառույցներից է։ Համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վկայագրի, կառուցվել է 1880թ․-ին։ Որպես բնակելի տուն է ծառայել քաղաքացիներ Խաչատուր Տեր-Ղազարյանին և Ախունդովին։ 1920թ․-ին շենքի մի հատվածը զբաղեցրել է հատուկ նշանակության զորամասը։

Գործի նախապատմություն․ ՀՀ կառավարության 25․01․2007թ․ «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 108-Ն որոշման հավելվածով վերոնշյալ հասցեներն ընդգրկվել էին բացառիկ գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։ ՀՀ կառավարության 2008թ․ մեկ այլ որոշմամբ ևս տվյալ հասցեների անշարժ գույքն ընդգրկվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկում՝ որպես սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետ սահմանելով 2010թ․ ապրիլի 1-ը, նախկին՝ 2008թ․ հունվարի 1-ի փոխարեն։ Վերը նշված որոշումներն այդպես էլ չեն կատարվել։ ՀՀ կառավարությունը 06․08․2017թ․ մեկ այլ որոշմամբ արդեն երրորդ անգամ շինությունն ընդգրկել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում՝ օտարման գործընթացը սկսելու ժամկետները կրկին հետաձգելով, այս անգամ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 1-ը։ Գործի ընթացքն ու արդյունքը․ Համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի․ «հասարակության և պետության կարիքը չի կարող համարվել բացառիկ՝ գերակա հանրային շահ, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարվա ընթացքում։ Առաջնորդվելով սույն օրենքի այդ և այլ դրույթներով՝ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Տիգրան Գրիգորյանն ու Վահագն Թադևոսյանը դիմեցին ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2017թ․ որոշումը։ Թեև առաջին և վերաքննիչ ատյաններում հայցը մերժվեց, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ ընդունեց բերված բողոքը՝ ընթացքում կասեցնելով գործի վարույթը և որոշում կայացնելով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին և 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը քննելու հարցով։ Հարկ է նշել, որ դատական գործին զուգահեռ գրասենյակի թիմը մղում էր նաև արտադատական պայքար՝ վերոնշյալ հասցեում գտնվող շինությունը պատմամշակութային արժեքների ցանկում վերականգնելու ուղղությամբ։ Համաձայն Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983թ․ հուլիսի 4-ի «Հայկական ՍՍՀ տարածքում պետական պահպանության տակ վերցված պատմության և կուլտուրայի հուշարձանների և նրանց պահպանական գոտիների ցուցակների հաստատման մասին» թիվ 377 որոշման 1-ին կետի՝ Աբովյան 4 և Արամի 30 հասցեներում գտնվող անշարժ գույքն ընդգրկվել էր Երևան քաղաքի պատմության և կուլտուրայի հուշարձանների ցուցակում։ Ավելին՝ շինությունների կարգավիճակը հաստատվում է նաև փաստաբան Տիգրան Գրիգորյանի հարցմանն ի պատասխան ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի կողմից տրամադրված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վկայագրով։ ՀՀ կառավարության 2004թ․ մեկ այլ որոշմամբ հաստատվել էր Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, սակայն ցանկում չէին ընդգրկվել վերոնշյալ հասցեները։ Տիգրան Գրիգորյանի միջնորդությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության այն ժամանակ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) 2019թ․ հունիսի 7-ին հրավիրեց ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստ՝ փաստաբանների մասնակցությամբ։ Հանձնաժողովը որոշեց Երևան քաղաքի Աբովյան 4 և Արամի 30 (բն․ 4 և 22) հասցեում գտնվող բնակելի տներին տալ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Նշենք նաև, որ Աբովյան և Արամի փողոցների հատման հատվածի անշարժ գույքի օտարման պայմանագրերի նախագծով առկա գնահատման փաստաթղթի և այլ փաստերի հիմքով «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա կառուցապատող «Ավո․Ֆ․Մ․Հ․» ՍՊԸ և գնահատող կազմակերպության նկատմամբ հարուցված քրեական գործը՝ կեղծ եզրակացության, խարդախության և այլ հնարավոր արարքներով, այս պահին գտնվում է նախաքննական փուլում։

Հուշարձանի պահպանման համար մղվող երկարատև պայքարն ավարտվեց ՀՀ կառավարության 18․06․2021թ․ թիվ 1023-Ն որոշմամբ․ վիճարկվող՝ 2017 թվականի հունիսի 8-ի «Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության N 638-Ն որոշումը ճանաչվեց ուժը կորցրած։ Այսպիսով, փրկվեց 19-րդ դարավերջի Երևան քաղաքի մի արժեքավոր կտոր՝ սեփականատիրոջ սկզբունքայնության և փաստաբանական թիմի սրտացավ աշխատանքի շնորհիվ։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են