Հաշվի առնելով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա – Գ․Լուսավորիչ խաչմերուկի շրջակայքում առկա ավտոմեքենաների կայանման խնդիրը՝ վերջերս «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Էդգար Գրիգորյանը գրությամբ դիմել էր Երևանի քաղաքապետին՝ «Մետրոպոլ» հյուրանոցից՝ Մաշտոցի պողոտայի 2/2 հասցեից դեպի Լուսավորչի փողոց հատվածում կանգառի և կայանման արգելքը վերանայելու համար։
Այդ ճանապարհահատվածում առկա էր դեղին հոծ գծանշում, որը մոտ տարի ու կես առաջ չէր եղել։
Ճանապարհի մատնանշված հատվածը բավականին լայն է, և թույլ է տալիս առանց խոչընդոտների երթևեկությունն անգամ մայթեզրին կայանված մեքենաների առկայության դեպքում։ Ի դեպ, անկախ կայանման արգելքից՝ այդ հատվածում մշտապես կայանում էին ավտոմեքենաներ, որոնց վարորդներն այս ընթացքում պարբերաբար տուգանքվել են պարեկային ծառայության աշխատակիցների կողմից՝ չթույլատրված վայրում կայանման համար։
Փաստաբան Էդգար Գրիգորյանը քաղաքապետարանին խնդրել էր նաև տրամադրել այն հիմքերը, որոնցով պայմանավորված է եղել կայանման արգելքը տվյալ հատվածում։
Դիմումից մի քանի օր անց մայթեզրի այդ հատվածում արվել է նոր գծանշում, և դեղին հոծ գծերը փոխարինվել են սպիտակ գծերով, ինչը նշանակում է, որ կանգառն ու կայանումը թույլատրելի են։
Ի պատասխան մեր գրության՝ քաղաքապետարանից արձագանքել են, որ այդ ճանապարհահատվածում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում էլ հանձնարարվել է սպասարկող կազմակերպությանն իրականացնել գծանշումների փոխարինումը։