Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

ՀԿԱԾ սպան զինվորական կենսաթոշակ կստանա

Հարկադիր կատարման ծառայության սպան կստանա զինվորական կենսաթոշակ՝ գործող ամենաբարձր գործակցով։

Գործի նախապատմությունը․
Մեր վստահորդը երկար տարիներ հանդիսացել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակից, ունեցել է սպայական կոչումներ, 2020թ․ նրան շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
Ծառայությունից ազատվելուց հետո մեր վստահորդը դիմել է ՀՀ ԱՆ ՀԿԱԾ գլխավոր քարտուղարին՝ խնդրելով նշանակել զինվորական երկարամյա կենսաթոշակ։ Վերջինս մերժել է դիմումը՝ նշելով, որ մեր վստահորդի երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար ստաժը լրացել է Դատական կարգադրիչների ծառայությունում աշխատելու ժամանակահատվածում, ինչպես նաև՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու և վճարելու մասին գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներում առկա է անորոշություն, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանման համաձայն՝ մեր վստահորդը չի հանդիսանում հարկադիր կատարումն ապահովող համակարգի զինվորական ծառայող։

Նույն խնդրով մեր ընկերության փաստաբանները դիմել են ՀՀ միասնական սոցիալական ծառայություն, սակայն վերջինս նույնպես մերժել է դիմումը։

Դատական փուլ․ Խախտված իրավունքի վերականգնման հաջորդ քայլն այն դատական կարգով լուծելու փորձն էր, որն էլ մեր փաստաբան Նաիրա Համբարձումյանը հաջողությամբ իրականացրեց։

ՀՀ վարչական դատարանը բավարարեց մեր վստահորդի հայցն ընդդեմ ՀՀ միասնական սոցիալական ծառայության։ Դատարանը պարզաբանեց, որ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի համաձայն՝ դատական կարգադրիչների ծառայությունից ազատվածների կենսաթոշակային ապահովության նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի համար օրենսդրությամբ սահմանված դրույթները, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ զինծառայողներին հավասարեցված անձինք են հարկադիր կատարողները:
Դատարանը նշեց նաև, որ հայցվորն ազատված լինելով դատական կարգադրիչների ծառայությունից՝ օգտվում է հարկադիր կատարողի համար «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կենսաթոշակային ապահովության իրավունքից, այն է՝ դատական կարգադրիչների ծառայությունում աշխատած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժ, հետևաբար պատասխանող վարչական մարմինը պետք է որոշում ընդուներ վերջինիս երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ:

Արդյունքում, դատարանը վճռեց՝ մեր վստահորդի հայցը բավարարել. պարտավորեցնել ՀՀ միասնական սոցիալական ծառայությանն ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ հայցվորի ՀՀ միասնական սոցիալական ծառայությանը դիմելու օրվանից սկսած նշանակել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ կենսաթոշակի հաշվարկման բանաձևում որպես զինծառայողի անձնական գործակից սահմանելով 10.00 գործակիցը:
Դատարանը վճռեց նաև անվավեր ճանաչել ՀՀ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալի նախկին վարչական ակտը։

Նշենք, որ վերոնշյալ գործակիցն ամենաբարձրն է տվյալ պարագայում։

ՀՀ վերաքաննիչ վարչական դատարանի դիրքորոշումը նույնանման էր, ուստի ՀՀ միասնական սոցիալական ծառայության բողոքը մերժվեց։
ՀՀ վճռաբեկ դատարանն էլ իր հերթին մերժեց վերոնշյալ ծառայության բողոքի ընդունումը։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!