Հերթական հաղթանակը ավելի քան մեկ տարվա պայքարի արդյունքում․․․
Գործի նախապատմությունը․ մեր վստահորդը 2021թ.-ից հանդիսանում էր ՀՀ-ում ՏՏ ոլորտի խոշոտ կազմակերպություններից մեկի աշխատակից՝ դեպարտամենտի ղեկավար։ Ընկերության տնօրենի բանավոր կարգադրությամբ, ՀՀ տարածքում արտակարգ դրության ռեժիմի սահմանումով պայմանավորված՝ նա իր թիմով անցել է հեռավար աշխատանքի։
Համավարակի ավարտից հետո, դարձյալ բանավոր հրահանգով մեր վստահորդին և իր թիմին կանչել են աշխատանքի գրասենյակ, սակայն աշխատանքային տարածքի բացակայության պատճառով ընկերության տնօրենի բանավոր կարգադրությամբ մեր վստահորդն իր թիմի հետ դարձյալ անցել է հեռավար աշխատանքի, որից հետո առանց պատճառաբանության նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է։
«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Նաիրա Համբարձումյանի մասնագիտական ջանքերի շնորհիվ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարեց մեր վստահորդի հայցն ընդդեմ գործատուի։
Դատարանը վճռեց՝ մեր վստահորդին աշխատանքից ազատելու հրամանը ճանաչել անվավեր, վերոնշյալ ընկերությունից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով՝ հրամանի կայացման պահից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև՝ նույն ընկերությունից բռնագանձել աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի քառապատիկի չափով։
Դատարանը վճռեց նաև՝ պատասխանողից բռնագանձել պետական տուրքի գումարը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։