Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Անձի իրավունքները՝ ձերբակալման պահին

պատիժ

Ի՞նչ իրավունքներ ունի անձը ձերբակալման պահին։


Նախ պետք է տարբերենք՝ անձի ձերբակալումը իրականացվել է վարչաիրավական գործընթացի, թե՞ քրեաիրավական գործընթացի շրջանակներում:


Այսպես․ քրեաիրավական գործընթացի շրջանակներում անձի ձերբակալումը կարող է կիրառվել հետևյալ դեպքերում՝


1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.

2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.

3) խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ:


Իմացեք, որ անձը համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից, իսկ ձերբակալման` քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետը հաշվարկվում է նույն պահից:

Ձերբակալված անձն իրավունք ունի․


● իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը.

● պահպանելու լռություն.

● իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.

● հաղորդակցվելու և տեսակցելու փաստաբանի հետ.

● իր պահանջով ենթարկվելու բժշկական զննման:


Սրանք ձերբակալվածի հիմնական իրավունքներն էին։


Ինչ վերաբերում է վարչական ձերբակալությունների մասին, մասնավորապես, տեղեկացված եղեք, որ վարչական ձերբակալումը կարող է տևել, ոչ ավելի, քան երեք ժամ․․․․ իհարկե, բացառիկ դեպքերում և հատուկ անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ։ Օրինակ, անձը սահմանային ռեժիմի խախտման դեպքում կարող է ձերբակալվել մինչև երեք ժամ տևողությամբ, սակայն իրավախախտման հանգամանքների պարզման անհրաժեշտությունից ելնելով՝ կարող է ձերբակալման ժամկետը երկարել մինչև 3 օր ժամկետով, նաև կարող է մինչև 10 օր ձերբակալված մնալ, եթե չունի անձը հաստատող փաստաթղթեր և երբ ձերբակալող մարմինը փորձում է դա պարզել։


Պետք է հիշեք նաև, որ վարչական ձերբակալման ժամկետը հաշվվում է արձանագրություն կազմելու համար խախտողին բերելու պահից, իսկ հարբած վիճակում գտնվող անձին` նրա սթափվելու ժամանակից: