Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Արամյանց բժշկական կենտրոնը կփոխհատուցի բժշկին չվճարած աշխատավարձի տուժանքը

Արամյանց բուժ կենտրոն
«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Նաիրա Համբարձումյանի մասնագիտական ջանքերի շնորհիվ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց մեր վստահորդ բժիշկ-անեսթեզիոլոգի հայցն ընդդեմ Արամյանց բժշկական կենտրոնի՝ հայցվորի և պատասխանողի միջև կնքված վճարովի ծառայությունների պայմանագիրը որպես աշխատանքային պայմանագիր հաստատելու և տուժանք բռնագանձելու պահանջների մասին։
Դատարանը վճռեց՝ հայցը բավարարել, հաստատել «Արամյանց բժշկական կենտրոն» առողջապահական փակ բաժնետիրական ընկերության և բժիշկ Հ․Ա․-ի միջև 19.02.2020 թվականին կնքված վճարովի ծառայությունների պայմանագրի հիման վրա աշխատանքային հարաբերությունները կարգավորված լինելու փաստը, պատասխանողից հօգուտ բժիշկ Հ․Ա․-ի բռնագանձել 427.382 ՀՀ դրամ՝ որպես աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, ինչպես նաև՝ 212.547 ՀՀ դրամ, որից 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, և 12.547 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
Գործի նախապատմությունը 2019 թվականի մայիսից մինչև 2020 թվականի փետրվար ամիսը բժիշկն աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատել է «Արամյանց բժշկական կենտրոն» առողջապահական ՓԲ ընկերությունում, իսկ 2020թ փետրվարից բժշկի և վերոնշյալ բուժհաստատության միջև կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի հիման վրա բժիշկը շարունակել է կատարել նույն աշխատանքային գործառույթները՝ նույն ծավալով։ 2020թ մարտ ամսին Բուժհաստատության տնօրենի ժ/պ-ը բժիշկ-անեսթեզիոլոգին գործուղում է Սյունիքի մարզ, որի համար կնքվում է բուժաշխատողի աշխատանքային քառակողմ պայմանագիր՝ վերոնշյալ բուժհաստատության, ՀՀ ԱՆ, Կապանի բժշկական կենտրոնի և բժշկի միջև։ Համաձայն սույն պայմանագրի բժիշկն իր աշխատանքային պարտականությունները պիտի իրականացներ մինչև 2020թ․ մայիս ամիսը, հետագայում համապատասխան համաձայնագրերի հիման վրա գործուղման ժամկետը հետաձգվել է մինչև 01․10․2020թ․։
«Արամյանց բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2020 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների համար պայմանագրով սահմանված կարգով բժիշկ-անեսթեզիոլոգին չէր վճարել միջին աշխատավարձը, որն ընդհանուր կազմում էր 1.033.659 ՀՀ դրամ, և բժիշկը ստիպված դիմել էր փաստաբանի օգնությանը։
Վերոնշյալ գումարն, այնուամենայնիվ, բուժհաստատությունը փոխանցեց բժիշկ-անեսթեզիոլոգին՝ արտադատական կարգով փաստաբանների կողմից վարած բանակցությունների արդյունքում միայն։ Մնացած մասով պարտավորություններն արդեն կբռնագանձվեն դատարանի վճռով։
Սույն գործն ուշագրավ է նրանով, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ․Սարգսյանը կարողացավ բացահայտել քաղաքացիաիրավական պայմանագրով քողարկված աշխատանքային հարաբերությունները և կայացնել արդար վճիռ։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են