Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Զինկոմի որոշումն անվավեր ճանաչվեց

Վերջույթների ֆունկցիան խանգարող ակնհայտ կարճություն ունեցող երիտասարդի վերաբերյալ զինկոմի կայացրած որոշումը ճանաչվեց անվավեր։

Երևանի զինվորական կոմիսարիատներից մեկի զինկոմի որոշմամբ մեր վստահորդը 2019թ․ զորակոչվել էր շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության: Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն մեր վստահորդը ճանաչվել էր սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար։ Երիտասարդը ենթարկվել էր մի շարք բժշկական հետազոտությունների, որոնց եզրակացությունները տարբերվում էին իրարից, իսկ իրար հակասող եզրակացությունների դեպքում քաղաքացին չէր կարող զորակոչվել:

Փաստաբան Տիգրան Գրիգորյանի՝ տարիների պայքարի արդյունքում ՀՀ վարչական դատարանի վճռով անվավեր ճանաչվեց Երևան քաղաքի զինկոմի վերոնշյալ որոշումը։ Դատարանը նկատեց, որ հայցվորի բժշկական հետազոտությունների արդյունքները հակասական են: Բժշկական հանձնաժողովի ակտում ոտքի կարճացումը նշված է 2,2 սմ, մեկ այլ ակտում՝ 1,8 սմ, երրորդում՝ 2,07 սմ: Նման իրարամերժ տվյալների պայմաններում դատարանը նշանակել էր փորձաքննություն, որի արդյունքում կազմված փորձագետի եզրակացությամբ հայցվորի մոտ արձանագրվել էր ոտքի 1,6 սմ կարճություն: Դատարանը նաև հարցաքննել էր փորձաքննությանը ներգրավված մասնագետին, որն իր ցուցմունքով հաստատել է ոտքի 1,6 սմ կարճության տվյալը, սակայն չէր հերքել նաև նախկինում արձանագրված ավելի մեծ չափերը՝ նշելով, որ գոյություն ունեն վերջույթների չափման տարբեր մեթոդներ և դրանց արդյունքները կարող են տարբերվել:

Դատարանը վկայի կարգավիճակով հարցաքննել էր նաև ռենտգենի հետազոտությունն անցկացրած բժշկին որն իր ցուցմունքով հաստատել էր, որ հայցվորի մոտ ոտքի կարճությունը 2,07 սմ է, իսկ տվյալը ստացվել էր համապատասխան սարքավորման միջոցով:

Նման պայմաններում դատարանը գտավ, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ չի հաստատվում, որ հայցվորի մոտ հայտնաբերված ոտքի կարճությունը 2 սմ-ից պակաս է։

Դատարանը եզրակացրեց, որ հայցվորին զորակոչելուց առաջ չի բացառվել ԶԾԶԿՄ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հնարավորությունը, ուստի վիճարկվող որոշումն ընդունվել է ԶԾԶԿՄ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտմամբ: Նման պայմաններում այն պետք է ճանաչվի անվավեր ՎՀՎՎՄ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով:

Դատարանն ընդգծեց, որ վիճարկվող որոշման անվավեր ճանաչելը ենթադրում է, որ հայցվորը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է անցնի բժշկական զննություն, որի արդյունքում կորոշվի նրա պիտանիության հարցը:

Այսպիսով, հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ուստի վարչական դատարանը վճռեց անվավեր ճանաչել Երևանի զինվորական կոմիսարի վերոնշյալ որոշումը։

Ի լրումն տեղեկացնենք, որ թեև մեր վստահորդն օգտվել էր իր իրավունքից՝ դատական կարգով պայքարելով իր շահերի համար, այնուամենայնիվ, նրա նկատմամբ դեռևս 2019թ․ զուգահեռաբար հարուցվել էր նաև քրեական հետապնդում՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով։ Գործն այժմ քննվում է ՀՀ քրեական դատարանում։ Այդ գործով ևս ապահովում ենք տվյալ երիտասարդի շահերի պաշտպանությունը։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են