Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց ՊԵԿ բողոքը

Հաղթանակ


10.05.2022թ. ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց ՀՀ ՊԵ կոմիտեի բողոքը․ ՀՀ վերաքննիչ դատարանի՝ մեր վստահորդից շուրջ 21,000,000 դրամ հարկային պարտավորություններ գանձելու մասին ոչ իրավաչափ ակտը վերացնելու վերաբերյալ որոշումը մնաց անփոփոխ, չնայած որոշ դատավորների հատուկ կարծիքների առկայությանը։



Հիշեցնենք, որ մեր վստահորդի նկատմամբ 2017թ ՊԵԿ-ն արդեն իսկ կայացրել էր ոչ իրավաչափ որոշում, որը վերադասության կարգով բողոքարկման արդյունքում անվավեր էր ճանաչվել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կողմից։ Հետաքրքրականն այն է, որ 2018թ․ հոկտեմբերի ՊԵ կոմիտեն միևնույն հարկային պարտավորությունների գումարը գանձելու նպատակով ևս մեկ նույնաբովանդակ որոշում էր կայացրել․ այն է՝ իրականացրել էր կրկնակի վարչարարություն։



Զարմանալիորեն, ՀՀ վարչական դատարանը մերժել էր մեր պահանջը՝ ոչ իրավաչափ որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյա։ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Թադևոսյանը բողոքարկել էր վերոնշյալ դատական ակտը ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, քանի որ ՀՀ վարչական դատարանն անմիջականորեն չէր գնահատել գործում եղած բոլոր ապացույցները և ի պաշտոնե (“ex officio”) չէր պարզել գործի փաստական հանգամանքները: Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմինը պարտավոր է հետևել օրենքների պահպանմանը և գործել կոնկրետ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այսինքն` կոնկրետ օրենքով իրեն վերապահված լիազորություններից դուրս որևիցե գործողություն իրականացնել վարչական մարմինը իրավասու չէ: Ուստի, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասը իրավասություն չի վերապահում վարչական մարմնին նույն հարցի կարգավորման շրջանակներում կրկնակի վարչարարություն կիրառել և ընդունել նոր վարչական ակտ, այն էլ նախկինում կայացված որոշումն անվավեր ճանաչելու մասին վերադաս մարմնի` ՀՀ տեղական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի որոշման առկայության դեպքում: Երկու իրար հակասող որոշումների առկայությունը հայցվորին թույլ չի տալիս դրանց հետ համատեղելու իր վարքագիծը, որը իրավական որոշակիության սկզբունքի խախտման հետևանք է:



Այսպիսով, այս փուլում ևս, արդեն ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ, գրանցեցինք տնտեսվարողի համար կարևոր նշանակություն ունեցող հաղթանակը։

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են