Հայց փաստաբանական գրասենյակ

Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Սպառողների իրավունքներ․ վերադարձման ոչ ենթակա ապրանքներ

սպառողների իրավունք

Ամենօրյա գնումների ժամանակ գնորդի և վաճառողի կամ արտադրողի միջև առաջացող խնդիրները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական և քրեական օրենսգրքերով և <<Սպառողների իրավունքերի պաշտպանության մասին>> ՀՀ օրենքով։
Նախևառաջ, վաճառողը պարտավոր է առաջարկել այնպիսի որակի ապրանք, որը պիտանի կլինի դրա նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ Սպառողն իրավունք ունի վաճառողից պահանջել ապրանքների կամ վաճառողի աշխատանքին վերաբերող տեղեկատվություն, որը վերջինս պարտավոր է տրամադրել սպառողին։

Եթե վաճառողը պատշաճ որակի ապրանք չի վաճառել սպառողին, վերջինս իրավունք ունի պահանջելու ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ դրանց վերացման համար ծախսերի հատուցում, նմանօրինակ նմուշի ապրանքով փոխարինում կամ ապրանքի վերադարձ և այլն։
Կարևոր է նշել նաև, որ սպառողն իրավունք ունի ոչ սպառելի ապրանքը վերադաձնել 14 /տասնչորս/ օրվա ընթացքում։
Եթե վաճառողի/արտադրողի՝ իր պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով սպառողի կյանքին, գույքին կամ առողջությանը հասցվել է վնաս, ապա վաճառողը/արտադրողը ենթակա է պատասխանատվության՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի։

Հարկավոր է նշել, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, կան ապրանքներ, որոնք ենթակա չեն վերադարձման։

Այսպիսով, պատշաճ որակի ապրանքը ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼ՝
ա) եթե ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
բ) երբ մատակարարվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
գ) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից ելնելով, և որոնք մատակարարվելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից.
դ) ապրանքների վաճառքի դեպքում, որոնց մատակարարումից հետո, իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
ե) կապարակնքված ձայնային կամ տեսաձայնային ձայնագրության կամ կապարակնքված ծրագրային ապահովման մատակարարման դեպքում, որոնք մատակարարելուց հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով.
զ) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի մատակարարման դեպքում.
է) աճուրդում կամ բորսայում կնքված պայմանագրերի առկայության դեպքում.
ը) թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակության մատակարարման դեպքում, երբ դրա կատարումն սկսվել է սպառողի անվերապահ նախնական համաձայնությամբ, ըստ որի` սպառողն այդպիսով կորցնում է իր վերադարձման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ վաճառողի ու գնորդի միջև կնքված պայմանագրով

Փոխարինմանը և վերադարձմանը ոչ ենթակա ապրանքների #ցանկը․
1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք
2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն)
3. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ՝ բացառությամբ օծանելիքի
4․ Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ
5. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք
6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր)
7. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ
8. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր
9. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ
10. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները
11. Կենդանիներ և բույսեր

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են