«Ինգո Արմենիան» ընդդեմ վարորդի․ շուրջ 2,000,000 դրամի պահանջը մերժվեց
Առաջին ատյանի քաղաքացիական դատարանը մերժեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հայցը մեր վստահորդի դեմ՝ 1,719,000 դրամ գումարի բռնագանձման պահանջով։
Հայցի հիմքում ընկած էր ավտովթարի փաստը, որին մասին, ըստ ապահովագրական ընկերության, մեր վստահորդը սահմանված ժամկետում չէր տեղեկացրել։
Սակայն դատաքննության ընթացքում պարզվեց, որ պատահարի պահին մեքենան վարել է վստահորդի ընտանիքի անդամը։ «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Օֆելյա Հարությունյանը դատարանին ներկայացրեց փաստական հանգամանքները, համաձայն որոնց՝ վարորդը վթարից հետո շոկային վիճակում է գտնվել և չի կարողացել ժամանակին վթարի մասին տեղեկացնել ոչ ապահովագրական ընկերությանը, ոչ էլ մեքենայի սեփականատիրոջը։
Մեր վստահորդը վթարի մասին տեղեկացել է դեպքից մոտ 2 ժամ անց և անմիջապես կապ է հաստատել ապահովագրական ընկերության հետ։ Դատարանը, հաշվի առնելով վկաների ցուցմունքները, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավական դիրքորոշումները, հանգել է եզրակացության, որ ապահովադրի կողմից ապահովագրական պատահարի մասին չտեղեկացնելը պայմանավորված է եղել անտեղյակությամբ, որն օբյեկտիվորեն նրան զրկել է համապատասխան պարտականությունը կատարելու հնարավորությունից։
«Դատարանն արձանագրեց, որ նման իրավիճակում ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջ ներկայացնելու իրավունք չունի, եթե ապացուցվում է, որ ապահովադիր-սեփականատերը պատահարի մասին տեղեկացված չի եղել և չէր էլ կարող լինել։»,- իր խոսքում նշեց փաստաբան Օֆելյա Հարությունյանը։
Առաջին ատյանի քաղաքացիական դատարանի վճիռը մեկամսյա ժամկետում չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։