Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը բավարարեց մեր վստահորդի դիմումը։ Գործը վերաբերում էր մի քաղաքացու, որը մոր մահից հետո շարունակել էր փաստացի տիրապետել ժառանգական գույքին, սակայն օրենքով սահմանված ժամկետում չէր դիմել նոտարին՝ ժառանգության ընդունման համար։ Հետագայում նոտարը մերժել էր հաստատել ժառանգական գույքի փաստացի տիրապետման փաստը, և գործը հասավ դատարան։
«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Օֆելյա Հարությունյանը դատարանում հաջողությամբ ապացուցեց, որ վստահորդը մոր մահից հետո շարունակել է բնակվել նույն բնակարանում, կատարել գույքահարկի վճարումները, կառավարել գույքը։ Դատարանն ուսումնասիրելով ներկայացված ապացույցները և հիմնվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և Վճռաբեկ դատարանի նախադեպերի վրա, բավարարեց դիմումը՝ ճանաչելով մեր վստահորդին, որպես օրինական ժառանգ՝ փաստացի տիրապետման հիմքով։
Այսպիսով, քաղաքացին վերականգնեց իր իրավունքը՝ փաստերի և պրոֆեսիոնալ իրավաբանական աշխատանքի համադրման արդյունքում։