Ձեր իրավունքը մեր պարտականությունն է

Հայց փաստաբանական գրասենյակ

Ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի մերժվեց

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լուսինե Բոյաջյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ մեր վստահորդ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։
Ըստ ոստիկանության հայցի, ս․թ․ հունիսի 12-ին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ Աբրահամ Գասպարյանը, գտնվելով Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, իրականացրել են բողոքի ակցիա հանրահավաք, խոչընդոտել են երթևեկության մյուս մասնակիցների ազատ տեղաշարժին: Ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները մոտեցել են նշված վայր և իբր պահանջել են քաղաքացիներից, այդ թվում՝ պատասխանողից, բացել ճանապարհը և խոչընդոտ չհանդիսանալ երթևեկության մյուս մասնակիցների համար, վերջիններիս տրվել է ողջամիտ ժամկետ, սակայն նրանք հրաժարվել են կատարել ոստիկանի օրինական պահանջը:
Ոստիկանության կողմից իրականացվել է վարչական վարույթ, որի վերաբերյալ կազմվել է թիվ 145 արձանագրությունը՝ Աբրահամ Գասպարյանի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար:
Ելնելով վերոգրյալից՝ ոստիկանությունը դատարանին խնդրել է Աբրահամ Գասպարյանին ենթարկել վարչական պատասխանատվության։

Այնուհետև, ոստիկանության ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, թեև պատշաճ ծանուցված է եղել, և գործը քննվել է վերջինիս բացակայությամբ:

Աբրահամ Գասպարյանի փաստաբան Էդգար Գրիգորյանն առարկել է վերոնշյալ հայցի դեմ և հայտնել, որ ոստիկանության ծառայողը կամ այլ ծառայող որևէ պահանջ չի ներկայացրել պատասխանողին կամ ներկա գտնվող քաղաքացիներին: Առանց որևէ հրահանգ կամ պահանջ ներկայացնելու, պարոն Գասպարյանին են մոտեցել ոստիկանության մոտ 10 ծառայողներ, ծեծի են ենթարկել և տեղափոխել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որը հայտնի փաստ է: Բռնություն գործադրելու հետ կապված և այլ փաստերի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարանն արձանագրեց, որ վարչական վարույթի նյութերով առհասարակ չի հաստատվում պահանջը առաջադրված լինելու և Աբրահամ Գասպարյանի կողմից չկատարելու հանգամանքը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Ուստի, դատարանը որոշեց՝  ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Մենք սոցիալական ցանցերում

Հայց փաստաբանական գրասենյակ

Հասցե` ՀՀ ք. Երևան 0015 Մաշտոցի պող. 4, տարածք 43

Հեռախոս` + 374 99 366 333

Բոլոր իրավունքները պահպանված են

error: Content is protected !!